Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

ԱԺ փոխնախագահները ոչիշխանական քառյակի 12 կետերի մասին

ԱԺ փոխնախագահները ոչիշխանական քառյակի 12 կետերի մասին
11.06.2014 | 11:12

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քառյակի 12 կետերից բաղկացած պահանջներին՝ նշեց, որ դրանց մեծ մասը կառավարության ծրագրերի շրջանակում և իշխանության տարբեր գործողությունների շրջանակներում քննարկվում է՝ «պարտադիրը», կարմիր գծերը, գյուղատնտեսությանը վերաբերող կետերը և այլն։
Նրա խոսքով՝ քառյակի ներկայացրած կետերն ավելի շատ կառուցողական աշխատանք են, որն արդեն սկսված է։
Հարցին, թե ԱԺ փոխխոսնակը չի կարծո՞ւմ, որ եթե մինչև պահանջված ժամկետը խնդիրներին լուծում չտրվի, քառյակը կպահանջի ամբողջական իշխանափոխություն, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ես քառյակի կետերում չեմ տեսնում խնդիրներ, որոնք կապված են քաղաքական իրավիճակի հետ: Ավելի շատ տնտեսական, սոցիալական, գյուղատնտեսական, արդյունաբերության հետ կապված աշխատանքներ են: Տաբու չլինելու իմաստով ուրախ եմ, որ այդպես էլ պետք է լինի և կա»։ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ քառյակի ներկայացրած 12 պահանջներում «ռադիկալ կոչեր չկան, և այդ բոլոր առաջարկները քննարկման արժանի են»: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, թե ամենակարևոր հարցը բացակայում է. «Ամենակարևորը՝ չկար այսօրվա ամենակարևոր հարցի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ չորս կուսակցությունների տեսլականը, որովհետև այս 12 կետերի լուծումը մեծ մասամբ կապված է հենց սահմանադրական բարեփոխումների հետ»:
Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե կոնկրետ ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիայով օժտելը կարելի է քննարկել, բայց դա պետք է օրենքով ամրագրվի: «Իշխանությունների օրակարգը, կարծում եմ, ավելի լայն է, բայց մենք պատրաստ ենք սրանք քննարկելու: Ավելին` այդ 12 կետերի մեջ արդեն կան այնպիսիք, որոնք հիմա քննարկման փուլում են: Օրինակ 100 տոկոս համամասնականի դեպքում դաշնակցությունը առաջարկով հանդես եկավ, մենք մեր կարծիքն ասացինք, բայց պատրաստ ենք կրկին քննարկումներ անցկացնեու: Նախևառաջ իշխանությունն իր օրակարգով է առաջնորդվում, իսկ այս կետերում ամբողջական օրակարգը ներառված չէ»,-նշեց նա:
ԱԺ փոխխոսնակը նշեց, թե մի հարցում քառյակի հետ իրենք միասնական են. «Այնտեղ Լեռնային Ղարաբաղի հետ կապված կետ կար, և այստեղ միասնական կարծիք կա»:
Կուտակայինի հետ կապված հարցում նա նշեց, որ իշխանությունը, կառավարությունն իրենց կարծիքն արտահայտել են. «Կա աշխատանքային խումբ, 100% համամասնականի շուրջ մենք մեր կարծիքն ունենք, իրենք՝ իրենց, սա չի նշանակում, որ այս հարցը չի կարող էլի քննարկվել»։
Հարցին, թե մինչև սեպտեմբեր կկարողանա՞ն կետերի պահանջները կատարել՝ Շարմազանովը նշեց. «Առհասարակ ժամանակ տալը լավ բան չէ»: Իսկ թե մինչ այդ էական արդյունքներ կլինե՞ն, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ դուք տեսել եք, որ իշխանությունները գնում են էական ֆունդամենտալ բարեփոխումների ճանապարհով: Գուցե մեկը տեսնում է, մյուսը չի տեսնում, մեկը ավելի շատ թերություններն է տեսնում, մյուսն ավելի շատ ձեռքբերումներն է տեսնում, բայց այն, որ այս բոլոր հարցերն իշխանության օրակարգում կան, դա փաստ է»։

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ